38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ընդհատվել էր մի գունեղ հեքիաթ

Ընդհատվել էր մի գունեղ հեքիաթ
26.08.2024 | 07:53

Հալեպ։

1989 թ.։

Ապրիլ։ Զով երեկո էր։

Հինավուրց քաղաքի հրապարակում աշխուժ եռուզեռ, գունեղ տարազներով հոսող մարդկային գետ: Ժխորի մեջ ականջ շոյող հայկական երգի մեղեդի։ Հալեպցի ընկերոջս հետ քայլում էինք երաժշտության ուղղությամբ ու գնալով ավելի պարզ էր ու հասանելի երգի բառերը։Ասես մարդկային հեղեղից մի առանձնացող վտակ էր երգը, որն էլ մեզ տարավ հրապարակի ամենաճոխ ու հայտնի խանութը։ Տերը կոկիկ հագնված, բարեհամբույր մարդ էր։ Պաղ օշարակով հյուրասիրեց, հետո սուրճ ապսպրեց,

- Հալեպի սուրճին վարժվա՞ք:

Հարցն ինձ էր ուղղված։

Իմ փոխարեն հալեպցի ընկերս` Գևորգը պատասխանեց,

- Հալեպի սուրճին ալ, Հալեպին ալ։

Մենք Հալեպի ամենանշանավոր, ամենաթանկ ժամացույցների խանութում էինք պարզվեց։

Ընկերս նրան արաբերեն ինչ-որ բան ասաց։

- Հարկավ, իհարկե,- սիրալիր պատասխանեց նա, ու գործավարին խնդրեց ցուցադրել տեսականին։

Կում-կում վայելում էինք Հալեպի նշանավոր սուրճն ու զրուցում:

- Փափագս մեյմը Հայաստան երթալս է:

Հետո հայացքն ուղղեց ապակեպատ ցուցափեղկից դուրս ու դիմեց ինձ,

- Կտեսնե՞ս աղբի մեջ ուտելիք փնտրող այն մարդուն։

- Այո, կտեսնեմ։

- Իմ մեծ հայրն էլ Խարբերդ ասանք խանութ ուներ,- հետո հարցրեց,-Խարբերդի անունը լսած կա՞ս։

- Իհարկե:

- Սեփական խանութի մեջ մորթած են թուրքեր:

Հետո, նորից հայացքն ուղղեց դուրս, աղբակույտի մեջ քուջուջ անողին,

- Ասոնք թուրք չեն, արաբ են, մեզի ամեն ինչ տվին: Բարի մարդիկ են, բայց այս երկիրը այն աղբի մեջ կերակուր փնտրող արաբինն է:

Գործավարը ժամացույցների տեսականին դրեց սեղանին։ Ընկերս ամենաթանկ ժամացուցն ընտրեց։ Հետո արաբերեն էլի մի երկու բան ասաց։

- Հիմա Հայաստան ժամը քանի՞սն է,- հարցրեց խանութի տերը։

Ժամացույցի սլաքները պտտեց, հայաստանյան հասարակածին դրեց ու մեկնելով ինձ, ասաց,

- Բարի վայելում, ինձմէ հիշատակ թող ըլլա:

…2018-ի դեկտեմբերին Հալեպում էի։

Պատերազմը քարուքանդ էր արել հինավուրց բարի քաղաքը։

Ընդհատվել էր մի գունեղ հեքիաթ։

Ժամացույցի ամենահարուստ խանութը չկար: Ժամանակը կանգ էր առել։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 3011

Մեկնաբանություններ